Երիտասարդ ռեժիսոր ՄԱՆԵԻՆ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) այս օրերին կարելի է տեսնել բժշկական դիմակով ու համազգեստով։ Տպավարություն է, որ մեր օրերը նկարահանելու փորձ է անում։ Մանրամասները փորձեցինք ճշտել Մանեից։
-Մանե, այն, ինչ ապրում է հիմա Երկիր մոլորակը, նման է կինոյի։ Ի՞նչ զգացողություններ ունես։ Հաջողվու՞մ է ռեժիսորի դիտանկյունից նայել այս ամենին, երբ ինքդ էլ «նույն կինոյից» ես։
-Գրիգոր Գուրզադյանը հաճախ էր իր մտորումներում անդրադառնում այլ մոլորակներում մարդկանց գաղութացմանը։ Այն ժամանակ դա ֆանտաստիկայի ժանրից էր թվում։ Այսօր ամեն բան կարծես տանում է դրան։ Ահա այդ զգացումն ունեմ ստեղծված վիճակի մասին: Ես կարծում եմ, որ նոր վիրուսը ոչ միայն վնասներ կպատճառի, այլև գլոբալ առումով նոր փուլ կտեղափոխի մարդկության պատմությունը: Բայց այդ ընթացքում բազմաթիվ ճակատագրեր են կործանվում: Դա է տխուրը: Ահա թե ինչու է համավարակը նման պատերազմի։
-Համավարակի մասին ֆիլմ նկարահանելու մտադրությու՞ն ունես։
-Նոր ֆիլմի գաղափարներ ունեմ, սակայն կարծում եմ, դեռ վաղ է խոսել դրա մասին: Ցանկացած վավերագրական դրվագ, որ նկարահանվում է, չի կարող չարտացոլել տվյալ ժամանակը։ Սակայն չէի ցանկանա ֆիլմ նկարահանել զուտ համավարակի մասին, քանի որ այն, իմ կարծիքով, կվանի հանդիսատեսին։
-Նկարահանումների ընթացքին չի՞ խոչընդոտում վարակվելու վտանգը։
-Վարակվելու վտանգն ինձ չի վախեցնում, քանի որ պահպանում եմ կանոնները։ Բացի այդ, վստահում եմ սեփական իմունային համակարգին։
-ՈՒնե՞ս հերոս, որի շուրջը գուցե հյուսվում է պատմությունդ։
-Օրեր առաջ ավարտեցի ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրան «Ռեֆրեն Դիստանցիայի մեջ» գիտահետազոտական աշխատանքով: Հերոսը Մարդն է: Շատ ընդհանրական է ասելիքը։ Փորձ է արվում համեմատելու երկու գիտություն՝ կինոմոնտաժը և քվանտային մեխանիկան: Երկուսն էլ գոյություն ունեն և երկուսն էլ, որպես այդպիսին, նյութեղեն չեն: Եթե այնտեղ չլինի մարդը, անհնար է խոսել հեռավորության, կինոյի, ատոմների, լույսի մասին: Չէ՞ որ այս ամենի բացահայտողը մարդն է, և այս ամենը փորձ է արվում բացահայտել մարդու կյանքը հեշտացնելու համար:
-Քո ներսում ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Գուցե վերարժևորում ես կյանքն ու վերանայում ստեղծագործական ընթա՞ցքդ։
-Համավարակի բռնկումով չի պայմանավորված փոփոխությունը։ Ամեն օր է մարդը փոխվում: Օրական քանի՞ մարդ է մահանում քաղցկեղից։ Հիվանդությունները գոյություն ունեին նախքան նոր վիրուսի հայտնվելը և դեռ ավելի են ահագնանալու՝ նոր դարաշրջանի ապրելակեպի թելադրանքով։
- Հետևում ես կինոաշխարհի զարգացումներին. արտասահմանյան նոր ֆիլմեր կա՞ն համավարակի թեմայով։
- Իմ «Երազներ» ֆիլմում, որի վրա աշխատում եմ, կա դրվագ, որտեղ հերոսը՝ ապագա արտիստը, մեկուսացման օրերին նկարների հավաքածու է կազմում: Միայն այդ դրվագով է արտահայտվել համավարակը: Թող ինձ ներեն այն ռեժիսորները, որոնք անդրադարձել են այս թեմային, բայց այս պահին շատ պարզունակ է թվում համավարակի մասին ֆիլմ նկարելը։ Սա պատերազմի նման է: Եթե նկատել եք` բուն պատերազմի ժամանակ նկարահանված ֆիլմերը այնքան ազդեցիկ չեն, որքան այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են պատերազմից 20, 30 տարի անց: Ցանկացած շոկային իրավիճակ պետք է անցնի, ինչ-որ առումով մոռացվի, ինքնամշակվի: Այս պահին ո՞վ կցանկանա ֆիլմ դիտել կորոնավիրուսի մասին։ Այլ հարց է, եթե ֆիլմը լինի մարդկային ճակատագրի մասին, որում կարտացոլվի կորոնավիրուսային ժամանակից մի փոքր սյուժետային գիծ։ Բայց այս պահին մարդիկ հետևում են զուտ տեղեկատվական հոսքին։
-Քեզ ի՞նչն է ավելի դրամատիկ թվում՝ մեկուսացու՞մը, սոցիալական հեռավորությու՞նը, դիմակների կրու՞մը, թե՞ բուն հիվանդությունն իր հետևանքներով։
-Ինձ թվում է` ամենադրամատիկը այն է, որ մեր հասարակության մեջ ամեն մեկն իր ճշմարտությունն ունի համավարակի մասին, անգամ միկրոբիոլոգիական փաստարկներ կարող են ներկայացնել սեփական ենթադրություններով ու «ապացուցել» դրանք:
-Ի՞նչ ես անում հիմա, ի՞նչ ծրագրերով ու նորություններով ես ներկայանալու։
-«ԲուժԻնֆո» հաղորդման շրջանակում պատրաստում եմ բժշկական թեմայով վավերագրական տեսանյութեր։ Մասնակցում եմ մի շարք օնլայն կինոփառատոների։ Նոր ֆիլմով կներկայանամ համավարակից հետո, քանի որ չեմ պատկերացնում առաջնախաղ` առանց կինոթատրոնի։ Զուգահեռ շարունակում եմ գրել կինոյի և գիտության կապի մասին, շուտով կներկայացնեմ թեզս, գուցե դա լինի առցանց- տեսանյութ տարբերակով:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ